Նոյեմբերի 11-ը էներգախնայողության միջազգային օր

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Էներգախնայողության միջազգային օրը, որի հիմնական նպատակն է ռեսուրսների ռացիոնալ օգտագործումն ու էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը։

Տոնը նշելու հիմնական նպատակն է իշխանությունների և հանրության խնդիրը դարձնել էներգախանյողության հիմնական նպատակները: Էներգիայի տնտեսումը թույլ կտա նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը: Բացի այդ, էներգախնայողությունը շահավետ է տնտեսապես: Դա 2-3 անգամ ավելի քիչ ծախս է պահանջում, քան էներգիայի արտադրությունն ու առաքումը: Առավել ևս, որ ամենապարզ ու տարրական միջոցները հասանելի են յուրաքանչյուրին և կարող են կիրառվել կենցաղում:

 

Հայաստանի տարածքն ամբողջապես էլեկտրաֆիկացված է, աչքի է ընկնում բավականին կայուն էներգամատակարարմամբ, բոլոր տնային տնտեսություններն ունեն որակյալ և մատչելի հասանելիություն: Հայաստանն աչքի է ընկնում նաև գազաֆիկացման բարձր մակարդակով: Սակայն, Հայաստանում Էներգախնայողության և էներգաարդյունավետության մակարդակը շարունակում է ցածր մնալ, չնայած, որ կառավարությունը 2007 թվականին ընդունել է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ազգային ծրագիրը: Ծրագրի նպատակների իրականցմանը խոչընդոտում են հետևյալ գործոնները՝ էլեկտրաէներգիայի բարձր սակագինը տնային տնտեսությունների համար ցածր եկամուտների պայմաններում, աղքատության բարձր մակարդակը, անբավարար սոցիալական աջակցությունը, խոշոր արտադրությունների տեխնոլոգիաների էներգախնայողության ցածր մակարդակը, իրազեկման անբավարար մակարդակը, խթանիչ մեխանիզմների ու համապատասխան կառավարող կառույցների բացակայությունը, արևային էներգիայի օգտագործման ցածր մակարդակը տնային տնտեսություններում և արտադրությունում:

 

Այսպիսով, կարևոր է վեր հանել Հայաստանի ներուժը վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում: Որպես էներգիայի այլընտրանքային աղբյուրներ կարող են հանդես գալ արևային, հողմային, գեոտերմալ, ջրածնային, ինչպես նաև բիոգազը։